Պակիստանի ներկայացուցիչ Սալման Բաշիրը հունվարի 9-ին հրավիրվել է  Հնդկաստանի ԱԳՆ՝ Քաշմիրում սպանված հնդիկ զինվորների հարցով բացատրություն տալու:

Ըստ Հնդկաստանի Պաշտպանության նախարարության տվյալների` պակիստանցի զինվորականներն ապօրինի հատել էին սահմանը եւ սպանել հերթապահող երկու զինվորի: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանցից մեկի մարմինը գլխատված է եղել: Հնդկական բանակում հերքում են  այդ վարկածը, հայտարարելով, սակայն, որ անտառում հայտնաբերված մարմինները խոշտանգված են եղել:

Հնդկաստանի Պաշտպանության նախարարը Պակիստանի բանակի գործողությունները սադրիչ է որակել, հաղորդում է «Եվրոնյուսը»:

Միաժամանակ, Պակիստանը հերքում է Հնդկաստանի մեղադրանքները: Իսլամաբադը պնդում է, որ հնդիկ զինվորականները հարձակվել են Պակիստանի դիրքերի վրա, ինչի հետեւանքով պակիստանցի մեկ զինվոր զոհվել, մեկն էլ վիրավորվել է: