ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Ուորիկ քաղաքի քաղաքապետ Սքոթ Ավետիսյանը հունվարի 8-ին քաղաքապետարանում երդվել է`կրկին ստանձնելով պաշտոնը եւ դառնալով քաղաքի պատմության ամենաերկար պաշտոնավարած քաղաքապետը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ռոդ Այլենդի գլխավոր դատավոր Հայկանուշ Պետրոսյանն է ընդունել Սքոթ Ավետիսյանի երդումը: Պետական ծառայությանը նվիրված անգլերեն եւ հայերեն աղոթք է արել հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցու առաջնորդ Կոմիտաս Բաղսարյանը:
«The Providence Journal»-ը հաղորդում է, որ քաղաքապետ Սքոթ Ավետիսյանը եւ Ուորիկի քաղաքային խորհրդի անդամները երդում են տվել 500 մարդու ներկայությամբ, որոնց շարքում է եղել նաեւ նահանգապետ Լինքոլն Չեյֆին, որը եւս ժամանակին եղել է Ուորիկի քաղաքապետը:
Ավետիսյանն առաջին անգամ քաղաքապետ էր ընտրվել 2000թ. լրացուցիչ ընտրություններում`58% ձայներով: Նույն տարվա նոյեմբերին նա վերընտրվել էր 70% ձայներով: Դրանից հետո քաղաքապետի յուրաքանչյուր ընտրությանը նա հաղթել է բոլոր տեղամասերում: Մինչեւ Ուորիկի 15-րդ քաղաքապետ ընտրվելը, նա հինգ ժամկետ շարունակ եղել է քաղաքային խորհրդի անդամ:





























