ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի կարծիքով, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղության պայմանագիր չի կնքվել, ղարաբաղյան պատերազմի վերսկսումը բացառել տեսականորեն հնարավոր չէ։ Նման տեսակետ նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում։ Հիշեցնելով, որ ի սկզբանե հայկական կողմը հակված է եղել խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, պատգամավորն ընդգծեց, որ այդ մասին բազմիցս հայտարարել է նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը. «ՀՀ նախագահը շատ հստակ ասել է, որ մենք պատերազմ չենք ուզում, բայցեւ չենք վախենում դրանից»,- ընդգծեց Է. Շարմազանովը՝ իր կողմից հավելելով, որ ադրբեջանական ագրեսիան մեկ անգամ արդեն իսկ անհաջողությամբ է պսակվել։

Նրա կարծիքով, քանի դեռ բանակցությունները շարունակվում են եւ մանավանդ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումից հետո դրանցում դրական դինամիկա է նկատվում, պատերազմի վերսկսման հավանականությունը գործնականում այնքան էլ մեծ չէ։ «Տեսականորեն, սակայն, ոչինչ չի կարելի բացառել, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հայտարարությունները, բայց գործնականում պատերազմի հնարավոր վերսկսումն իրատեսական չէ»,- ամփոփեց ՀՀԿ մամուլի քարտուղարը։