Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը զինվորական պատրաստություն է կազմակերպել կառավարության անդամների և պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաների համար, հայտնել է BBC News-ը։

Նրա խոսքով՝ բանակային կարգապահությունը կօգնի ամրապնդել ղեկավարների առաջնորդական հատկանիշները և արագացնել երկրի զարգացումը։

Վարչապետի՝ սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարներում երևում է, թե ինչպես է նա Հուրսոյի ուսումնական կենտրոնում նախարարների, նրանց տեղակալների և պետական հիմնարկների ղեկավարների հետ մասնակցում զինվորական վարժանքներին։ Մասնակիցների թվում են ֆինանսների նախարար Ֆիցում Ասեֆան, առողջապահության նախարար Մեկդես Դաբան և Դաշնության պալատի նախագահ Մուֆերիաթ Քամիլը։

Եթովպիայի համար նման գործելակերպն անսովոր է. բարձրաստիճան քաղաքացիական պաշտոնյաները հազվադեպ են զինվորական պատրաստություն անցնում։ Թե երբ են սկսվել պարապմունքները և որքան են տևելու՝ չի հստակեցվում։

Աբիյը հայտարարել է, որ համընդհանուր բարեկեցության հասնելու համար երկրի ղեկավարները պետք է լինեն ֆիզիկապես պատրաստված, հոգեպես կայուն և մտավոր զարգացած։ Նրա կարծիքով՝ զինվորական հաստատությունները կարող են նրանց սովորեցնել կարգապահություն, հայրենասիրություն, թիմային աշխատանք և պատասխանատվություն։

«Զինվորներն ունեն առաջադրանքներ, իսկ քաղաքացիական անձինք՝ նպատակներ։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ձգտում են հաղթանակի»,— գրել է վարչապետը՝ ընդգծելով, որ զինվորական և քաղաքացիական կարգապահության համադրությունը կօգնի պատրաստել ղեկավարների, որոնք կկարողանան աշխատել հանուն ընդհանուր արդյունքների։

Պատրաստությունն անցկացվում է երկրում անվտանգության ոլորտում պահպանվող խնդիրների՝ Տիգրայում շարունակվող բախումների, Ամհարայում հակամարտության և Օրոմիայում անկայունության ֆոնին։ Բացի այդ, աճում է լարվածությունը հարևան Էրիթրեայի հետ հարաբերություններում, ինչը մտահոգություններ է առաջացնում զինված հակամարտության հնարավոր վերսկսման առնչությամբ։