Ամերիկացի միլիարդատեր եւ հեռուստահաղորդավար Դոնալդ Թրամփն ապացուցել է, որ ինքն օրանգուտանի որդի չէ: Նա իր ծննդականի պատճենն ուղարկել է հայտնի կատակերգակ դերասան Բիլ Մարին, որը  խոստացել էր 5 միլիոն դոլար  նվիրաբերել  Թրամփի նախընտրած բարեգործական կազմակերպությանը, եթե վերջինս կարողանա ապացուցել, որ «օրանգուտանի որդի» չէ:

Փաստաթղթում  երեւում է, որ Թրամփը ծնվել է 1946թ. հունիսի 14-ին` Նյու Յորքի Քվինս թաղամասում: Նրա ծնողներն են Ֆրեդ Թրամփը եւ Մերի Մաքլեոդը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

 «Երեկոյան շոու Ջեյ Լենոյի հետ» հեռուստահաղորդման ժամանակ Մարի արած առաջարկությունը նախորդ տարվա հոկտեմբերին Թրամփի արած հայտարարության  նմանակումն էր: Այն ժամանակ Թրամփը տեսագրություն էր տեղադրել, որում նախագահ Բարաք Օբամային առաջարկել էր անսովոր գործարք: Սպիտակ տան ղեկավարի անձնական փաստաթղթերի հրապարակման դիմաց  Թրամփը խոստացել էր հինգ միլիոն դոլար նվիրաբերել նախագահի նախընտրած ցանկացած բարեգործական կազմակերպության:

Միլիարդատերը նաեւ խոստացել էր Օբամայի վերաբերյալ «սենսացիոն հայտարարություն» կատարել, որն իբր կարող էր փոխել նախընտրական պայքարի ընթացքը: Սակայն իրականում ոչ մի «սենսացիա» էլ չեղավ: