Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը եւ ամերիկյան Նյու Մեքսիկոյի նախկին նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը ավարտել են իրենց այցելությունը Հյուսիսային Կորեա:

Շմիդտը եւ Ռիչարդսոնը հարգել են Կիմ Իր Սենի եւ Կիմ Չեն Իրի հիշատակը, այցելել Կորեական համակարգչային կենտրոն եւ Հյուսիսային կորեայի գործող առաջնորդ Կիմ Չեն Ընին կոչ են արել երկրում հասանելի բջջային կապ ապահովել ու թույլ տալ ինտերնետը, հաղորդում է Vesti.ru-ն:

ԿԺԴՀ իշխանությունները մանրակրկիտ վերահսկում են քաղաքացիների կողմից համացանցի օգտագործումը: Օրինակ, միայն երեք բուհեր կարող են մուտք գործել համացանց եւ դիտել այնպիսի կայքեր, ինչպիսիք են Wikipedia-ն կամ Google-ը, գրում է НТВ-ն:

Ռիչարդսոնը փորձել է հասնել Պե Չժուն Հոյի ազատ արձակմանը: Կորեական ծագմամբ ԱՄՆ քաղաքացուն ձերբակալել էին 2012 թվականի նոյեմբերի 3-ին՝ Ռասոն քաղաքում: ԿԺԴՀ իշխանությունները վստահեցնում են, որ ամերիկացին «հանցավոր մտադրություններ» է ունեցել եւ անգամ խոստովանել է իր մեղքը: Նախկին նահանգապետի այս նախաձեռնությունն անպատասխան է մնացել:

Հիշեցնենք, որ Շմիդտի եւ Ռիչարդսոնի այս այցելությունը քննադատության է արժանացել ԱՄՆ իշխանությունների կողմից, որոնք փորձել են համոզել նրանց առնչություն չունենալ Փխենյանի հետ:Հունվարի 10-ին Շմիդտն ու Ռիչարդսոնը լքել են Հյուսիսային Կերան եւ ուղեւորվել Չինաստան: