Պակիստանցի իրավապաշտպան, 15-ամյա Մալալ Յուսուֆզային ստացել է Սիմոնա դե Բովուարի մրցանակը, որը շնորհվում է կանանց իրավունքների համար պայքարողներին: Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Փարիզում:
11 տարեկան հասակում Մալալան սկսել է ինտերնետային բլոգ վարել, որտեղ պատմել է Սվատի հովտում սպանությունների մասին, որը 2007-2009 թվականներին վերահսկում էին թալիբները: Այդ ժամանակից ի վեր, ահաբեկիչները նրան թշնամի են համարում, հաղորդում է «Գոլոս Ռիսիի»-ն:
Աղջիկն իր հայացքների պատճառով քիչ է մնացել թալիբների զոհ դառնա: 2012-ի հոկտեմբերի սկզբին Յուսուֆզայիի նկատմամբ մահափորձ է կատարվել՝ գրոհայինները կրակ են բացել դպրոցական ավտոբուսի վրա, որում եղել է նաեւ Մալալան: Նա վիրավորվել է գլխից եւ վզից:
Պակիստանի նեյրովիրաբույժները հեռացրել են գնդակը, որից հետո աղջկան տեղափոխել են Մեծ Բրիտանիա՝ բուժման: Բուժման ծախսերն իր վրա է վերցրել Պակիստանի իշխանությունը:




























