«Խաղատների մասին» օրենքում փոփոխությունների օրինագծով առաջարկվում է, որ խաղատներից գանձվող 400 մլն դրամ տուրքը դարձվի 1 մլրդ դրամ, նաեւ սահմանվել է գոտիականությունը, ըստ որի՝ մեծ բնակավայրերի կողքին գտնվող խաղատներից գանձվող գումարն ավելի շատ է լինելու փոքր բնակավայրերի կողքին գտնվողներից: Առաջարկություն կա նաեւ, որպեսզի պետական տուրքի արտոնություն տրվի նրանց, ովքեր կցանկանան խաղատուն բացել սահմանամերձ շրջաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Իսկ Ֆինանսների փոխնախարարն էլ հավելել է, որ 2013 թվականից հստակ քաղաքականություն է գործելու խաղատների մասով, ըստ որի, խաղատները պետք է տեղափոխվեն զբոսաշրջային բնակավայրեր` Սեւան, Ջերմուկ եւ Ծաղկաձոր:
Այս առնչությամբ իր մտահոգություններն է հայտնել փորձագետ Կարինե Հակոբյանը, նշելով, որ այդ մոտեցումը վտանգավոր է բարոյական եւ անվտանգության առումով: «Խաղամոլությունը կարող է եկամուտներ բերել երկրին, սակայն ո՞ւմ են պետք այդ եկամուտները, որ ապականելու են մարդկանց: Մենք չունենք երկրի անվտանգ զարգացման հայեցակարգ: Պետք է որոշել, որոնք են երկրի զարգացման գերակա ճյուղերը: Զարգացած երկրի համար զբոսաշրջությունը չի կարող գերակա ճյուղ համարվել, իսկ գիտությունը, մշակույթը, կրթությունը` ածանցյալներ: Գերադասելի է այդ խաղատները Երեւանում լինեն, քան փոքր քաղաքներում, քանի որ փոքր քաղաքները հեշտությամբ կապականվեն, իսկ Երեւանը մի կերպ կարող է դիմանալ»,- ասել է նա:




























