Ամերիկյան Heritage Foundation-ի եւ Wall Street Journal թերթի համատեղ կազմած «Տնտեսական ազատության ինդեքս-2013»-ում Հայաստանն առաջատարն է: Այն 100 հնարավորից 69,4 միավոր է ստացել եւ զբաղեցրել 38-րդ հորիզոնականը:
ԱՊՀ մյուս երկրները հետեւյալ հերթականությամբ են. Ղազախստան (68-րդ հորիզոնական, 63 միավոր), Ադրբեջան (88-րդ հորիզոնական, 59,7 միավոր), Ղրղըզստան (89-րդ հորիզոնական, 59,6 միավոր), Տաջիկստան (131-րդ հորիզոնական, 53,4 միավոր):
Վրաստանը, որը 21-րդ տեղում է (72,2 միավոր), «Տնտեսական ազատության ինդեքս-2013»-ում ամենամեծ աճն է գրանցել՝ Էստոնիայի եւ Լեհաստանի հետ միասին: Թուրքիան 62-րդ տեղում է՝ 62,9 միավորով:
Չինաստանը 136-րդ տեղում է, Ռուսաստանը ուսումնասիրված 177 երկրներից եւ տարածքներից 139-րդն է: Փորձագետները տնտեսական ազատությունների բացակայություն են արձանագրել Բելառուսում (154-րդ հորիզոնական, 48 միավոր), Ուկրաինայում (161-րդ հորիզոնական 46,3 միավոր), Ուզբեկստանում (162-րդ հորիզոնական, 46 միավոր), նաեւ Իրանում (168-րդ հորիզոնական, 43,2 միավոր). ամենացածր՝ 177-րդ դիրքում ԿԺԴՀ-ն է՝ ընդամենը 1,5 միավոր:
Աշխարհի ամենաազատ տնտեսությամբ տարածքը 19-րդ անգամ ճանաչվել է Հոնկոնգը՝ ստանալով 89,3 միավոր:
Երկրորդ տեղում է Սինգապուրը (88 միավոր): Առաջատարների հնգյակում, որոնց ցուցանիշը գերազանցում է 80 միավորը, ընդգրկվել են նաեւ Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան: Հաջորդում են Կանադան, Չիլին, Մավրիկիան, Դանիան եւ ԱՄՆ-ն: Եվրոպական խոշորագույն տնտեսությունը՝ Գերմանիան 19-րդն է՝ 72,8 միավորով:
Այս վարկանիշն ամեն տարի կազմվում է մասնագետների կողմից՝ տասը հիմնական դասակարգումներով, հաշվի առնելով տնտեսական եւ առեւտրային ազատությունների մակարդակը, ներդրումային ազատությունը, պետության միջամտությունը տնտեսությանը, կոռուպցիայի գործոնը եւ այլն:





























