ԱՄՆ-ն հնարավորինս ակտիվ կհամագործակցի Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում, այդ թվում՝ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում:
Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը «Դիմա Յակովլեւի օրենքի» ընդունումից հետո կշարունակի մնալ ԱՄՆ-ի դաշնակիցը:
Նուլանդը նշել է, որ սովորաբար «դաշնակից» եզրույթը ԱՄՆ-ում կիրառում են այն երկրների մասին խոսելիս, որոնց հանդեպ Վաշինգտոնը պաշտպանական պայմանագրի շրջանակում պարտավորություններ ունի, գրում է «Ամերիկայի ձայնը»:
«Ռուսաստանը վաղուց ԱՄՆ-ի գործընկերն է այն բնագավառներում, որտեղ կարելի է համատեղ գործել: ԱՄՆ-ն հնարավորինս ակտիվ կհամագործակցի Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում՝ լինեն տարածաշրջանային, ինչպես օրինակ Ղարաբաղյան հիմնախնդիրն է, թե գլոբալ հարցեր, օրինակ՝ Իրանը, Աֆղանստանը, Սիրիան եւ այլն», - նշել է Նուլանդը:
Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն միանգամայն ազնիվ եւ բաց կհայտնի իր դիրքորոշումը տարաձայնությունների դեպքում, մասնավորապես՝ Ռուսաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ այլ հարցերի հետ կապված: «Մենք մտադիր ենք համագործակցել հնարավոր բոլոր ոլորտներում՝ չթաքցնելով մեր տարաձայնությունները», - նշել է նա:





























