Ֆրանսիայի դատարանը նոր հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահի նկատմամբ. Կստուգեն Կարաչիի ահաբեկչությանը Սարկոզիի մասնակցությունը:
Ֆրանսիական արդարադատությունն արդեն 10 տարի հետաքննում է Կարաչիի 2002թ. ահաբեկչության հանգամանքները, որին զոհ են դարձել ֆրանսիացի 11 ինժեներներ: Քննիչների կարծիքով պայթյունը կարող էր որոտալ Ֆրանսիայի կողմից Պակիստանին վճարվող «ատկատների» դադարեցման հետեւանքով: Այդ գումարների մի մասը կարող էր վերադառնալ Ֆրանսիա՝ 1995թ. վարչապետ Էդուարդ Բալադյուրի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար: Քննությունը կասկածում է, որ Սարկոզին մեխանիզմի կազմակերպիչներից էր:
Երբ 2011թ. սեպտեմբերին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սարկոզին կարող էր մասնակից լինել այդ հանցավոր սխեմային, Ելիսեյան պալատը հաղորդագրություն էր տարածել, որ պետության ղեկավարի անունը «չի հիշատակվում քննչական փաստաթղթերից ոչ մեկում»: Մեկ տարի անց ահաբեկչության զոհերի հարազատները հայց էին ներկայացրել՝ մեղադրելով Սարկոզիին քննության գաղտնիքի խախտման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահը L`Oreal-ի ժառանգորդուհի Լիլիան Բեթանկուրի աղմկահարույց գործում ունի նաեւ «օժանդակ վկայի» կարգավիճակ (վկայի եւ մեղադրյալի միջանկյալ կարգավիճակ): Քննությունը ենթադրում է, որ Բեթանկուրը, հնարավոր է, 2007թ.ապօրինաբար ֆինանսավորել է Սարկոզիի նախագահական քարոզարշավը:




























