Հայաստանի մոտեցումն է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է, ու այդ մոտեցումը ԵԱՀԿ համանախագահները ըմբռնում են: Այդ մասին փետրվարի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

"Մենք բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է: Դա Հայաստանի մոտեցումն է, եւ այդ մոտեցումը ըմբռնում է գտնում նաեւ ԵԱՀԿ համանախագահների կողմից ",- ասել է Նալբանդյանը՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խնդրանքով մեկնաբանելով Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տարածված տեղեկությունները, թե Մադրիդյան փաստաթղթի պրեամբուլայում նշված է ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացին պարտադիր մասնակցելու անհրաժեշտության մասին:

Դիտարկմանը, թե Ադրբեջանն անմիջապես հերքել է այդ լուրերը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Դա Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման հերթական դրսեւորումն է»: