Ուժեղագույն ձնաբուք է արձանագրվել Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում, մասնավորապես Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում, Թուրքիայում եւ Իսրայելում: Վերջին 20 տարում ամենաուժեղ այս ձնաբուքն արդեն խլել է 17 մարդու կյանք:
Սիրիայի մի շարք շրջաններում ձյուն է եկել, իսկ օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ -6 աստիճան: Ձյան հաստությունը Սիրիայի որոշ շրջաններում հասնում է մեկ մետրի:
Թուրքիայի կենտրոնական, արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջաններում ուժեղ ձյան պատճառով մի քանի հարյուր գյուղեր կտրվել են աշխարհից: Ջերմաստիճանը հասել է -7 աստիճանի: Ստամբուլում փակվել են դպրոցները, չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթները, խափանումներով է աշխատում տրանսպորտը, երթեւեկության համար փակ է Բոսֆորի նեղուցը:
Հորդանանում եւս փակվել են դպրոցները, պետական հաստատությունները: Երկրում շատ ճանապարհներ փակ են:
Լիբանանում ուժեղ քամին մի քանի օր է չի դադարում: Երկրում փակ են հիմնական ճանապարհները, չեն աշխատում դպրոցները: Ուժեղ ձյունը ջրհեղեղի պատճառ է դարձել, ջրի տակ են Բեյրութի մի շարք թաղամասեր:





























