Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 3-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին:
Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է հաջորդ շաբաթ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների եւ հանդիպումների ծրագրերը` հույս հայտնելով, որ դրանց ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբովանդակ հարցեր քննարկելու հնարավորություն կընձեռվի:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ֆրանսիական բարեկամական ամուր կապերին` ընդգծելով սերտ համագործակցային հարաբերությունները տնտեսական, պաշտպանական եւ քաղաքական տարբեր բնագավառներում:
Հանդիպման ավարտին Ս. Օհանյանը հույս է հայտնել, որ Ֆրանսիա կատարելիք այցից հետո կրկին հանդիպում կկազմակերպվի դեսպանի հետ, որի ընթացքում կքննարկվեն այցի արդյունքներն ու կնախանշվեն հետագա համագործակցության հեռանկարները:




























