Արմավիայի գնային քաղաքականությունում փոփոխություններ կմտցվեն։ Այս մասին փետրվարի 3-ին հայտարարել է Արմավիա ավիաընկերության նախագահ Միքայել Բաղդասարովը՝ նշելով, որ արդեն զեղչվել են մի քանի ուղղություններով չվերթների տոմսերի գները։ «Երեւան-Մոսկվա չվերթում տղամարդկանց համար զեղչեր է սահմանված, այնուհետեւ զեղչեր կլինեն նաեւ կանանց համար, եւ ընդհանուր զեղչեր բոլորի համար»,- ասաց ընկերության նախագահը՝ ընդգծելով, որ տոմսերի բարձր գները կապված չեն ավիաընկերության գնային քաղաքականության հետ, դրանք պայմանավորված են օդանավակայանների բարձր գներով եւ անձնակազմի ծախսերով, ինչպես նաեւ վարկերի բարձր տոկոսադրույքներով։ «Տոմսերի բարձր գները պայմանավորված են լիզինգային ընկերությունների հետ մեր հարաբերություններով, նրանք շատ բարձր տոկոսադրույքներ են դնում վարկերի համար։ Մենք հիմա բանակցություններ ենք տանում վարկատուների հետ, քանի որ դրույքի չափը սահմանվել էր դեռեւս երկու տարի առաջ, երբ տնտեսական աճ էր եւ ինքնաթիռի գները բարձր էին, իսկ հիմա ճգնաժամի հետ կապված, իրավիճակը փոխվել է»,-հայտարարել է Բաղդասարովը՝ նշելով, որ եթե վարկատուներն իջեցնեն տոկոսադրույքներր, ապա դա կազդի նաեւ տոմսերի գների վրա։ Նա նաեւ նշեց, որ անցած տարվա փետրվարի հետ համեմատած, ընկերության այս տարվա եկամուտը կրճատվել է։