Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրության արդյունքների բողոքարկման հայցի քննարկումը նշանակել է մարտի 5-ին՝ դրանով կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը: Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

Ըստ ՀԱԿ-ի ՝ ՍԴ-ն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 18-րդ կետը, որը մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով բողոքների քննության համար սահմանում է առավելագույնը 30-օրյա ժամկետ: «Վկայակոչված նորմը իմպերատիվ բնույթ ունի եւ բացառում է որեւէ այլ մեկնաբանություն: Հաջորդ` 19-րդ կետը, որը հնարավորություն է տալիս այդ գործերի քննությունը հետաձգել մինչեւ 50-րդ օրը, հղում կատարելով նախորդ` 18-րդ կետին` հստակ արձանագրում է, որ դա կարելի է միմիայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը ծանրաբեռնված է նույնաբնույթ բողոքներով, ինչը հնարավոր է միայն համապետական կամ մի քանի ընտրատարածքներում միաժամանակ կայացած ընտրությունների պարագայում, երբ բողոքները կարող են լինել մի շարք ընտրատարածքներից: Մեկ ընտրատարածքում կատարված ընտրության ժամանակ, բնականաբար, դա բացառվում է»,- նկատել են ՀԱԿ պատասխանատուները եւ հավելել. «Այսպիսով, Սահմանադրական դատարանը կոպտորեն խախտել է իր իսկ գործունեությունը կարգավորող հիմնական օրենքը»: Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ սույն խախտումը ակնհայտորեն պայմանավորված է Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի բողոքի քննարկման ավարտի եւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու հետ: «Սա բացահայտում է, որ Սահմանադրական դատարանը հայցը մերժելու համապատասխան հրահանգ է ստացել, եւ օրենքը խախտելու գնով փորձում է ազատվել Նիկոլ Փաշինյանին մանդատից զրկելու բարոյական պատասխանատվությունից»,- նշված է հայտարարության մեջ: