Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 3-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` 2010 թվականին արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրության կենտրոնում են եղել էներգետիկայի եւ կապի ոլորտներին առնչվող հարցերը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 2011 թվականին օգտագործվող էլեկտրաէներգիայի 80-ից 85 տոկոսը պետք է բավարարվի սեփական ռեսուրսների հաշվին: Ինչ վերաբերում է հեռահաղորդակցության ոլորտին, նախագահը կարեւորել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակումը հանրապետության ամբողջ տարածքում:

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը. համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: