Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի հետ այսօր կայացած հանդիպմանը ներկայացրեց 2013թ. նախարարության գերակա խնդիրները,  ՄԶԳ-ի  հետ համագործակցության ուղղությունները:

Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխվարչապետը  կարեւորեց նոր խմբագրմամբ  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակումը, որը պետք է արտացոլի համակարգի զարգացման տեսլականը, ինչպես նաեւ ներառի  ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ մշակված  «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի գաղափարները:

Գործունեության հաջորդ ուղղությունը վերաբերելու է պետական-ՏԻ մարմիններ հարաբերություններում վերահսկողական խնդիրների հստակեցմանը: Կվերլուծվի գործող օրենսդրությունն ու փորձը, այն կհամադրվի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ  համայնքների ներքին կառավարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները, ինչպես նաեւ համայնքներում գնումների գործընթացի հետ կապված խնդիրները: Տեղական եկամուտների վարչարարության խնդիրները նույնպես  նախարարության մշտական ուշադրության կենտրոնում են: Գործնական քայլեր կիրականացվեն օրենսդրության  կատարելագործման, մասնավորապես` «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի ընդունման եւ կիրառման, միասնական տեղական հարկի ներմուծման ուղղությամբ:

Նշված բոլոր ուղղությունները, ըստ փոխվարչապետի, լինելու են նաեւ գործընկեր կազմակերպությունների, այդ թվում`  ԱՄՆ ՄԶԳ-ի   հետ համագործակցության օրակարգում: 

Զրուցակիցները քննարկեցին  ներկայացված ուղղությունների վերաբերյալ համագործակցության հնարավորությունները:  Քարեն Հիլիարդն իր հերթին աջակցության պատրաստակամություն հայտնեց: Մասնավորապես պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակման աշխատանքներում  ՄԶԳ-ի կողմից փորձագետների ներգրավման վերաբերյալ: