Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների անունից Լեւոն Հովհաննիсյանը բաց նամակով դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ խնդրելով հետաքննել հունվարի 1-4 ժամանակահատվածում վաճառակետերում հացի դեֆիցիտի խնդիրը: Նշենք, որ այդ խնդրին առաջինն անդրադարձել է NEWS.am-ը:
Քաղաքացու նամակում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի պարոն Շաբոյան
Հայտնի է, որ ՀՀ-ում հունվարի 1-ից 4-ը հաց չի եղել, մասնավորապես, չեն աշխատել գործող հացի արտադրամասերը: Սա Հայաստանի Հանրապետության որոշ մարզերում բերել է հացի գնի կտրուկ թանկացման որոշ վաճառակետերում: Այլ կերպ ասած, այն վաճառակետերում, որտեղ հնարավոր է եղել գտնել հաց, այն արժեցել է որոշ դեպքերում մի քանի անգամ ավելի թանկ, քան մինչ Ամանորյա տոները: Մասնավորապես, մենք ունենք տվյալներ, որ Գյումրիում Ամանորյա տոներին հացը, որը մինչ Ամանոր արժեցել է 80 դրամ, հնարավոր է եղել գնել 3 անգամ ավելի թանկ գնով` 250 դրամով:
Հայտնի է նաեւ դեպքեր մայրաքաղաք Երևանում, երբ վաճառակետերում հայտնված հացը անմիջապես սպառվել է: Դրանք արագորեն գնել են վերավաճառողները` հետագայում շատ ավելի թանկ գնով վաճառելու համար: Կրկին անգամ նշում ենք, որ հացի գնի նման բարձրացման ուղղակի պատճառն է եղել այն, որ ՀՀ-ում հունվարի 1-ից 4-ը չեն գործել հացի արտադրամասերը:
Մենք, ՀՀ մի շարք քաղաքացիներ, լինելով խնդրով մտահոգ, խնդրում ենք անդրադառնալ այս խնդրին և ուսումնասիրել այն` հետագայում նման չարաշահումները բացառելու նպատակով»:
Նշենք նաեւ, որ ֆեյսբուքում ստեղծվել է «Հաց տվեք !!!!» խումբ:
Այս հարցի հետ կապված NEWS.am-ը պարզաբանում ստացավ նաեւ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից, որով հաստատվում է, որ Հանձնաժողովը էլեկտրոնային փոստով ստացել է քաղաքացի Լեւոն Հովհաննիսյանի դիմումը: «Ինչպես Հանձնաժողովին ուղղված ցանկացած դիմում-բողոքի դեպքում, այս նամակի առնչությամբ եւս Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հրահանգով կսկսվեն ուսումնասիրություններ: ՏՄՊՊՀ-ի մասնագետները նամակում ներկայացված տեղեկությունների վերաբերյալ կկատարեն ուսումնասիրություն, որից հետո պարզ կդառնա, թե որքանո՞վ է խնդիրը գտնվում ՏՄՊՊՀ լիազորությունների եւ իրավասությունների շրջանակում: Արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը»,- նշված է ՏՄՊՊՀ պատասխանում:




























