Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Թուրքիայի միջնորդական գործունեության ակտիվացման համատեքստում ռազմական հակամարտության մասին խոսլը նպատակահարմար չէ: Այդ մասին հուլիսի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի Միջազգային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Եվսեեւը: «Ալիեւն այն մարդը չէ, որ էմոցիոնալ ռեակցիաների հիման վրա հապճեպ որոշումներ կայացնի»,- նշեց նա՝ որպես հակառակ օրինակ հիշելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն:

Եվսեեւի կարծիքով՝ հակամարտող կողմերի միջեւ խոշոր ռազմական ընդհարումներ կանխատեսելու հիմքեր չկան: Մանր ընդհարումները միշտ էլ հնարավոր են եւ, ըստ փորձագետի, դժվար է խուսափել դրանցից: Բայց քանի դեռ հակամարտության լուծման խաղաղ ճանապարհները չեն սպառվել, ռազմական ճանապարհի մասին խոսելն անիմաստ է, եւ դա ձեռնտու չէ նաեւ Ադրբեջանին:

Թե ինչ կլինի, եթե Հայաստանը համաձայնի ընդունել մադրիդյան սկզբունքներից մեկը եւ դուրս բերի իր զորքերը հակամարտության գոտուց, Եվսեեւը դժվարացավ պատասխանել: Նրա կարծիքով՝ ցանկացած օտարերկրյա խաղաղարարի մուտքը խնդրահարույց տարածքներ հղի է լուրջ հետեւանքներով, եւ հիմք կտա կարծելու, թե նորահայտ ուժերը կարող են աջակցել կողմերից որեւէ մեկին: Մյուս կողմից, եթե Ռուսաստանը հակամարտությասն գոտի ուղարկի իր խաղաղարարներին, հայ-ռուսական սերտ կապերի համատեքստում դրան դեմ կարտահայտվի Ադրբեջանը: Ռուսաստանը դեմ է ամերիկյան խաղաղարարների տեղակայմանը, իսկ եվրոպական երկրների միջամտության դեպքում կարող է կրկնվել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պատմությունը: «Դե ծանրակշիռ հարց է ծագում՝ ո՞վ է ապահովելու խաղաղությունը տարածաշրջանում»,- հարցրեց փորձագետը. «Տարածքների վերադարձի դեպքում հնարավոր են սադրանքներ, իսկ արտաքին ուժերի նկատմամբ անվստահությունը չափազանց մեծ է»: Ըստ Եվսեեւի՝ այդ պայմաններում հնարավոր լուծում կարող է լինել խառը խաղաղարար զորամիավորումների տեղաբաշխումը: «Քանի որ հակամարտության գոտում, հայկական զորքերի դուրսբերման պայմաններում, անվտանգության հարցը բարդանում է, կարող է Երեւանը իր պայմանները թելադրել՝է նախքան այդ քայլին գնալը»,- նշել է փորձագետը: