«Մխիթարյան կրթահամալիր» այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի իրավապաշտպանները հանդիպել են կրթական մասով տեղակալի հետ: Վերջինս նրանց ծանոթացրել է հաստատության պայմաններին՝ ցույց տալով ննջասենյակները, ճաշարանը, դասասենյակները:Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից:
Կրթահամալիրի աշխատակազմն ու աշակերտները գտնվում էին արձակուրդում, ինչի պատճառով իրավապաշտպանները համակողմանի ուսումնասիրության հնարավորութուն չունեցան:
Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվեց առանձնազրույց ունենալ երեք աշակերտների հետ, որոնք չնայած արձակուրդին, գտնվում էին դպրոցում: Խոսելու ընթացքում երեխաները նշեցին, որ դպրոցի պայմաններից ու մանկավարժների վերաբերմունքից բողոքներ չունեին:
Պաշտպանի աշխատակազմը պատրաստվում է գրություններ ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին, ինչպես նաեւ բազմակողմանի ուսումնասիրություն կատարելու նպատակով, դասերը վերսկսելուց հետո, Պաշտպանի աշխատակազմն անակնկալ այց է կատարելու կրթահամալիր:
Նշենք, որ լրատվամիջոցներում Ավանի բնակիչների անունից տարածվել էր բաց նամակ` Կաթողիկոսին, Ոստիկանապետին ու կրթության եւ գիտության նախարարին։ Նամակում նշվում էր, թե «արտաքինից սովորական թվացող դպրոցում սովորում են միայն 12-17 տարեկան տղա երեխաներ: Խոսվում էր տեր-թոդիկյան բարքերի մասին, թե ինչպես ուսուցիչներից մեկը` Գնել անունով, պարբերաբար ծեծում եւ պատժում է երեխաներին` պատճառելով նաեւ մարմնական լուրջ վնասվածքներ: Ավանի բնակիչների անունից տարածված նամակում նշվում է նաեւ, թե տնօրենը` ոմն կաթոլիկ Սերովբե վարդապետ Չամուրլյանն երեխաներին ստիպում է խմել անհայտ ծագման դեղեր եւ հեղուկներ, իբր դիմադրողականության համար, սակայն ծնողների հետ մեր զրույցում պարզվեց, որ ոչ մի ծնողի բացատրություն չի տալիս դրանց բաղադրության եւ ձեռք բերման մասին: «Կաթոլիկ վարդապետն իր կամավոր աղքատության եւ կուսակրոնության երդմանը «հավատարիմ», Տիգրանուհի անունով լիբանանահայ սիրուհու հետ վատնում է նաեւ դպրոցի համար նախատեսված գումարները, մոտ` ամսական 20.000 եվրո: Հետաքրքրականն այն է, որ որեւէ մարմնի կողմից չի ստուգվում այս հանգամանքը»,- մասնավորապես նշված էր նամակում: Ավանում գտնվող «Մխիթարյան» կրթահամալիրում տիրող իրավիճակի վերաբերյալ երեկ համացանցում հայտնված անստորագիր եւ անանուն «Բաց նամակի» վերաբերյալ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում իրականացրել է »անոնիմկայում» բերված տեղեկատվության իսկության ուսումնասիրություն: Նախարարությունը պարզել է, որ նամակում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Նամակի իրական դրդապատճառը, ըստ ամենայնի, անձնական բնույթի խնդիրներն են Մխիթարյան միաբանության հետ, որոնց կապակցությամբ հեղինակը վրեժ է լուծել նման ապատեղեկատվական եղանակով: Որքանով է բարոյական անձնական տարաձայնություները եւ աշխատանքային վեճերը լուծել ստահոդ տեղեկություններ տարածելու եւ հազարավոր մարդկանց հույզերի, բարեգթության եւ ազնվության վրա խաղալու եղանակով»,- ասված էԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ:





























