Գլենդելցի փաստաբան, հասարակական ակտիվիստ Զարե Սինանյանը հունվարի 10-ին հայտարարել է իր թեկնածությունը Գլենդելի քաղաքային խորհրդում առաջադրելու մասին: Ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2 –ին, հաղորդում է «Asbarez»-ը:
«Կարծում եմ, հասել է քայլ առաջ անելու պահը եւ ապահովել այնպիսի ղեկավարություն, որին արժանի է Գլենդելը: Ձեր աջակցությամբ մենք կարող ենք դրական փոփոխուփթյուններ մտցնել մեր քաղաքում»,-հայտարարել է Սինանյանը:
Սինանյանն աշխատել է Գլենդելի հասարակական ծառայությունների հանգստի հարցերով հանձնաժողովում, իսկ վերջին ժամանակաշրջանում` 2009- 2011թթ., համայնքային զարգացմանն ուղղված սուբսիդիայի հարցերով խորհրդատվական կազմակերպությունն է ղեկավարել:
«Որպես խորհրդի անդամ, ես կջանամ զարգացնել եւ բարելավել քաղաքի բիզնես միջավայրը, հանդես գալ հօգուտ տեղեկատվության մատչելիության եւ կառավարության թափանցիկության, բարելավել ճանպարհային երթեւեկությունը, ինչպես նաեւ նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ կարող ենք դաստիարակել մեր զավակներին»,-ասել է Զարե Սինանյանը:




























