ՄԱԿ-ը հունվարի 11-ին Բոլիվիային կրկին ընդգրկել է Թմրամիջոցների մասին միացյալ կոնվենցիայի մասնակիցների ցուցակում: Այդ երկրի քաղաքացիներին թույլատրվել է աճեցնել եւ ծամել իրենց սիրելի կոկայի տերեւները:
«Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնում է, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը վաղուց եւ մեծ եռանդով ջանում էր հասնել այդ բույսի օրինականացմանը, եւ սա անվանել է մեծագույն ձեռքբերում:
Այդ առիթով հունվարի 14-ին Բոլիվիայում տեղի կունենան տոնական միջոցառումներ, երկրի բնակիչներն արդեն պատրաստվում են տոնակատարություններին:
«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ Թմրամիջոցների մասին միացյալ կոնվենցիայում Բոլիվիան ընդգրկվել էր երեք տասնամյակ առաջ: Ըստ օրենքի` նա պետք է 25 տարվա ընթացքում հրաժարվեր կոկայի օգտագործումից, սակայն դա այդպես էլ չէր արել:Մարդիկ հայտարարում են, որ իրենց նախնիները կոկա են ծամել, վայելել դրա թարմացնող ազդեցությունը, եւ իրենք էլ երբեք չեն հրաժարվի այդ սովորությունից:




























