Պենտագոնը Մալիում գործողությունների մի քանի տարբերակ է դիտարկում: Խոսքը Ֆրանսիայի հատուկ ծառայությունների հետ հետախուզական տվյալների փոխանակման եւ աջակցության մասին է, Reuters-ին հայտնել է Պենտագոնի անանուն աղբյուրը:
Մալիի բանակին, որին աջակցում են Ֆրանսիայի ռազմական միավորումները, հաջողվել է կանգնեցնել երկրի հյուսիսում մայրաքաղաքի վրա գրոհող իսլամիստներին: Մի քանի օր առաջ ապստամբները վերահսկողության տակ էին վերցրել Կոնու քաղաքը:
Ըստ ստացված տվյալների` Մալիի զինվորականներին հաջողվել է հետ բերել այդ բնակավայրը, հայտնում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ Մալիի նախագահի պաշտոնակատար Դիոնկունդա Տրաորեն երկրում արտակարգ դրության ռեժիմ էր մտցրել եւ համընդհանուր զորահավաք հայտարարել:
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է միջոցներ կիրառել Մալիում «Ալ Քաիդայի» գրոհայինների հարձակումը դադարեցնելու համար` ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի համապատասխան:
Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են, որ իրենց զինվորական ստորաբաժանումները Մալի են ժամանել եւ սկսել ապստամբների դեմ պայքարը: Հայտնի է նաեւ, որ Մալիի գործողությանը մասնակցում են նաեւ Գերմանիայի զորքերը:





























