Չեխիայում ավարտվում են  նախագահական առաջին համաժողովրդական ընտրությունները: Առաջին փուլի քվեարկությունը հունվարի 11-ին եւ 12-ին էր նշանակված: Արդեն այսօր ընտրատեղամասերի փակվելուց հետո կարող են հայտնի դառնալ կամ երկրորդ փուլի երկու մասնակիցների անունները, կամ էլ պետության նոր ղեկավարի անունը, եթե թեկնածուներից մեկը հավաքի ձայների 50%-ը, հայտնում է «Էխո Մոսկվին»:


Հունվարի 12-ին ընտրողները կարող են քվեարկել  տեղական ժամանակով առավոտյան ժամը  08.00-ից մինչեւ 14.00-ն: Չեխիայի քաղաքացիները քվեարկում են 14 հազար 900 ընտրատեղամասերում, որոնցից 102-ն աշխատում են արտասահմանում, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Ընտրությունների առաջին օրը` հունվարի 11-ը, ավարտվել է  ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշով:
Առաջին օրը քվեարկել են նախագահի ինը թեկնածուները, ինչպես նաեւ պետության գործող նախագահ Վացլավ Կլաուսը եւ վարչապետ Պետր Նեչասը, հայտնում է vesti.ru-ն: 

Եթե քվեարկության առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը  չստանա ձայների 50%-ը. ապա հունվարի 25-ին եւ 26-ին  կանցկացվի երկրորդ փուլը, որտեղ հաղթողը կորոշվի ձայների մեծամասնությամբ:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են ինը թեկնածու: Առաջատարն են համարվում  երկրի երկու նախկին վարչապետերը` Միլոշ Զեմանը եւ Յան Ֆիշերը, որոնք  պաշտոնավարել են 1998-2002 եւ 2009-2010թթ.: