Սոմալիում ֆրանսիական հատուկ ծառայությունների գործողությունների մասին հակասական տեղեկություններ են ստացվում։ BBC-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդել է, որ զոհվել է երկու զինվոր եւ պատանդը, որին նրանք փորձել են փրկել։

Միաժամանակ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Աշ Շաբաբ»-ի հայտարարությունը, հաղորդել է, որ պատանդը՝ ֆրանսիական հետախուզական ծառայության աշխատակից Դենի Ալեքսը, ողջ է եւ, որ «երկու օրվա ընթացքում նրան կդատապարտեն»: Բացի այդ, նշվել է, որ զինվորներից մեկն իսլամիստների մոտ պատանդ է ընկել:

Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters-ին, «Աշ Շաբաբ» խմբավորման ռազմակայանի վրա հարձակման համար գործի են դրվել 4 ուղղաթիռներ։ Ապստամբների ներկայացուցչի խոսքով՝ ֆրանսիացի զինվորականներից մեկը զոհվել է զենիթային կրակից եւ նրա մարմինը թողել են մարտի դաշտում, քանի որ ֆրանսիացիները ստիպված են եղել նահանջել։ Տեղական իշխանությունները հաղորդել են կրակոցների ժամանակ երկու քաղաքացու մահվան մասին։

2009 թվականին Ֆրանսիայի կառավարությունը հայտնել էր, որ ապստամբներն առեւանգել են Սոմալիում գտնվող երկու ֆրանսիացու, որոնցից մեկը շուտով ազատվել է։ Երկրորդ պատանդի ազատագրման դիմաց «Աշ Շաբաբ»-ի առաջադրած պայմանների մեջ մտնում է Սոմալիում Աֆրկյան միության խաղաղապահ առաքելության վերացում եւ Ֆրանսիայի կողմից Սոմալիի իշխանություններին ցույց տրվող աջակցության դադարեցում։