Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 21-ի հրամանագրով Մխիթար Պապոյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այսօր Արդարադատության խորհրդի նիստում ՀՀ նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը:
Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ նա ժողովրդի առջեւ երդվել է «դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ եւ սկզբունքային, արդարացի եւ մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները` ապահովելով օրենքի գերակայությունը եւ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:
Նախագահ Սարգսյանը շնորհավորելով եւ հաջողություն մաղթելով նորանշանակ դատավորին` հույս է հայտնել, որ երդումը կդառնա նրա գործունեության հիմնական ուղեցույցը: Արդարադատության խորհրդի նիստում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է նաեւ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հուլիսի 17-ին Խորհրդի անդամ ընտրված Մեսրոպ Մակյանին: Այս մասին հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:



















