Մալիում «Ալ Կաիդայի» կազմակերպված  դիմադրությունը ցնցել է Ֆրանսիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի օգնականը:

Ֆրանսիացիներն ամենայն հավանականությամբ  հույս ունեին, որ մի քանի ռմբակոծություն բավական կլինի Մալիում ահաբեկչական որջը վերացնելու համար: Իրականում ամեն ինչ ավելի բարդ է եղել, գրում է MIGnews-ը:

Ֆրանսիացիները վստահ են, որ աֆրիկացի ահաբեկիչները Լիբիայի բանակի զինանոցների թալանի ընթացքում  են ձեռք բերել զենքի գերժամանակակից տեսակներ, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգեր:

«Ռոսբալտը» հայտնում է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Մալիում գործողության արագ ավարտի հույս ուներ:  Նա հայտարարել էր, որ երկրի զորքերի մասնակցությունը Մալիում իսլամիստ ապստամբների դեմ գործողությանը «մի քանի շաբաթվա հարց է»:  Նա նաեւ նշել էր, որ եթե Ֆրանսիան չմիջամտեր Մալիի հակամարտությանը, ապա իսլամիստները կարող էին հասնել մինչեւ մայրաքաղաք Բամակո, ինչը կարող էր «սարսափելի հետեւանքների» հանգեցնել:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով AFP-ին, հայտնում է, որ հունվարի 14-ի գիշերը ֆրանսիական ուդուժի ռմբակոծման հետեւանքով Մալիի հյուսիսի Գաո քաղաքում սպանվել են ավելի քան 60 իսլամիստ գրոհայիններ: Ըստ ականատեսների` գրոհայինները թաքնվել էին տեղի բնակիչների տներում, սակայն օդային հարվածներից հետո լքել են  իրենց ապաստարանները, որպեսզի վերցնեն խմբավորման սպանված մասնակիցների մարմինները: