Հունվարի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (Niniek Kun Naryatie) (նստավայրը՝ Կիեւ)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին եւ շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարվա օգոստոսին այցելությունը Ջակարտա, Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեգավայաի հետ հանդիպումը եւ ձեռք բերված պայմանավորվածություններն՝ ուղղված երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելուն, քաղաքական երկխոսությունը ակտիվացնելուն, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը սերտացնելուն, իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական,  եւ մշակութային կապերը զարգացմանը եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարեւոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների իրականացման գործում։

Նախարարը նաեւ նշեց, որ Հայաստանը կարեւորելով Ինդոնեզիայի հետ հարաբերությունները՝ նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում, ինչով նոր լիցք եւ որակ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:

Դեսպան Նարյաթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքերն է ներդնելու երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու եւ ընդլայնելու համար: