Նյու Յորքում տեղի է ունեցել Մալիի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը: Մասնակիցները աջակցություն են հայտնել այդ երկրում գործողություն նախաձեռնած Ֆրանսիային:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հատուկ հայտարարություն է հրապարակել, որտեղ նաեւ ողջունել էր Մալիոմ զինված ահաբեկիչներին դիմակայելու միջոցները: Նա նշել էր, որ աֆրիկական երկրին օգնություն ցուցաբերելու հնարավորություն ունեցող երկրները դա անում են, հաղորդում է Rbc-ն:
Նիստի ավարտին ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն հայտարարել է, որ Փարիզը Մալիում AFISMA Աֆրիկական միության զորքերի շուտափույթ տեղակայման հույս ունի: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար Լորան Ֆաբիուսը նշել էր, որ Փարիզը չի ստանձնի տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորի դերը:
Մալիում իրադրությունը լրջորեն սրվել էր հունվարի սկզբին: Երկրի հյուսիսային շրջանները զավթած ծայրահեղական խմբավորումների գրոհայինները հարձակվել էին կառավարական զորքերի վրա: Հակամարտությանը միջամտել էր ֆրանսիական զորքը, որը Մալի էր ժամանել հունվարի 10-ին:
Ֆրանսիական օդուժի օդային մի շարք հարվածներից հետո գրոհայիններն սկսել էին լքել Մալիի հյուսիսային քաղաքները:




























