Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, որտեղ հասել են աստվածաբան Թահիր Քադրիի գլխավորած ցուցարարների շարքերը: Նրանք «խաղաղ հեղափոխություն» եւ խորհրդարանի ցրում են պահանջում:
Պակիստանի խորհրդարանի շենքի մոտ անհայտ անձինք կրակոցներ են արձակել, ինչից հետո իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել, հարվածել են մեքենաների ապակիներին, իրավապահներն ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել, գրում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, Պակիստանում հայտնի աստվածաբան Թահիր Քադրին գլխավորել է «Միլիոնների երթի» իր հազարավոր կողմնակիցներին: Բողոքողները կառավարությունից ընտրական բարեփոխումներ, իշխանափոխություն եւ «երկրում գոյություն ունեցող կոռումպացված ֆեոդալական համակարգի» վերացում են պահանջում: Հաղորդվում էր, որ ցուցարարները Եգիպտոսի Թահրիր հրապարակի նման ինչ-որ բան են ցանկանում կազմակերպել Իսլամաբադում:





























