Գվատեմալայի արեւելքում գտնվող Խուտիալայի քաղաքապետն սպանվել է՝ վարսավիրանոցում հերթում սպասելիս: Ականատեսների վկայությամբ՝ Էնրիկե Կաստիլյոյին սպանել են երկու անհայտ տղամարդիկ, ովքեր նրա վրա կրակել են 6 անգամ եւ դեպքի վայրից փախուստի դիմել մոտոցիկլով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քաղաքապետին հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է ստացած բազմաթիվ վնասվածքներից:
Հաղորդվում է, որ Կաստիլյոն վարսավիրանոց է այցելել պաշտոնական արարողությունից առաջ:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ սպանված քաղաքապետը նախկին պատգամավոր Մանուել Կաստիլյոյի եղբայրն է, ով 2010 թվականին դատապարտվել է 203 տարվա ազատազրկման՝ 2007 թվականին Կենտրոնամերիկյան խորհրդարանում Սալվադորից ընտրված երեք պատգամավորների սպանությունը կազմակերպելու մեղադրանքով:
Կաստիլյոյի մահը հաջորդել է Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինայի հայտարարությանը, ըստ որի երկրում բռնությունների մակարդակի պատմական նվազում է նկատվում:





























