Հնդկաստանի Գոա նահանգի Վասկո քաղաքում յոթնամյա աղջնակի են բռնաբարել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին, ծնողները նրան գտել են դպրոցի զուգարանում՝ շոկային վիճակում:
NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ, երբ հայտնի է դարձել, որ երկրորդ դասարանի աշակերտուհուն բռնաբարել են, բնակիչներն, ի նշան բողոքի, շրջափակել են դպրոցը՝ ներսում փակված թողնելով ուսուցիչներին: Զուգարանը, որտեղ կատարվել էր բռնաբարությունը, դպրոցի տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ է գտնվում: Ոստիկանությունը ձերբակալել է տնօրենին՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած անփութության մեղադրանքով:
Մարդիկ պահանջում են անհապաղ գտնել մեղավորին: Ոստիկանները հայտնել են, որ աղջկա խոսքերից արդեն հանցագործի նկարագրությունն ունեն եւ որոնում են: Բողոքողների հետ հանդիպել է նահանգի գլխավոր նախարար Մանոհար Փարիքարը: Նա հայտարարել է, որ «պատասխանատվությունից չի խուսափի ոչ հանցագործը, ոչ էլ գործին մասնակից որեւէ մեկը», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հնդկաստանում վերջին շաբաթներին բռնաբարության թեման ծայրահեղ սուր հնչեղություն է ստացել ավտոբուսում 23-ամյա ուսանողուհի Ջոտի Սինգհի խմբակային դաժան բռնաբարությունից հետո, որի հետեւանքով զոհը մահացել էր: Դեպքը լայն արձագանք էր գտել: Հնդկաստանի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր եւ ոստիկանության հետ բախումներ էին տեղի ունեցել: Մարդիկ պահանջում էին ոչ միայն պատժել հանցագործներին, այլեւ կանանց նկատմամբ բռնության պայքարի ուղղությամբ քայլեր ձեռնարկել:





























