Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) ձեւավորել է իր դիտորդական առաքելության վերջնական կազմը՝ փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկելու համար: Կազմը ձեւավորվել է ICES-ի աշխատանքային սեմինարի ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 14-ին՝ Մաաստրիխտում (Նիդերլանդներ):

35 փորձագետից կազմված դիտորդական առաքելությունը կգլխավորի ICES-ի նախագահ, XV գումարման Կնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Առաքելության կազմում են ԵՄ 10 երկրներ, ԱՄՆ-ն ու Իսրայելը ներկայացնող միջազգային փորձագետներ: Առաքելության կազմում ձեւավորվել են 3 խմբեր՝ «քաղաքական», որտեղ ներառվել են Եվրախորհրդարանի եւ ազգային խորհրդարանների պատգամավորներ, «իրավական», որտեղ ընդգրկվել են իրավաբաններ եւ նախկին դիվանագետներ եւ «լրատվամիջոցներ», որտեղ ընդգրկվել են քաղաքական մեկնաբաններ եւ լրագրողներ:

Երկարաժամկետ դիտորդների խմբում, որն իր աշխատանքը սկսկի փետրվարի 1-ից, ընդգրկվել է 8 դիտորդ: Այդ խմբի աշխատանքի արդյունքում, փետրվարի 15-ին ICES-ի առաքելությունը նախատեսում է մամուլի ասուլիս հրավիրել եւ ներկայացնել միջանկյալ զեկույց:

Կարճաժամկետ դիտորդների խումբը Հայաստան կայցելի փետրվարի 14-ին՝ քվեարկության ընթացքին, ձայների հաշվմանը եւ ընտրությունների արդյունքների ամփոփմանը հետեւելու համար:

Քվեարկության օրը առաքելության բոլոր դիտորդները կբաժանվեն Հայաստանի քաղաքներով, որի նպատակն առավելագույն թվով տարածքներում ընտրական հանձնաժողովների աշխատանքին հետեւելն է, հաղորդում է կազմակերպության կայքը:

Սեմինարի ժամանակ փորձագետները ծանոթացել են առաքելության առաջին միջանկյալ զեկույցի բովանդակությանը, որը ներկայացվել է դեկտեմբերին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

ICES-ի առաքելությունն, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատում նախընտրական շրջանի նախապատրաստությունն ու սկիզբը: Ըստ առաքելության՝ Հայաստանի ընտրական օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային ժողովրդավարական նորմերին: