Հայաստանը առաջին հերթին պետք է վերականգնի իր ինքնավարության հանդեպ բացարձակ հարգանքը, քանի որ միայն այդ դեպքում կարող է ժամանակակից միջազգային քաղաքականություն վարել՝ իր կենսական շահերի հիմքով: Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին «Հանրային երկխոսություններ» կազմակերպության կազմակերպած համացանցային մամուլի ասուլիսում հայտնել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանն, օրինակ, ռազմավարական բնույթի հարաբերությունների հաստատման դեռ չօգտագործված ներուժ ունեն: Այդ հարաբերությունները կարող էին վերաձեւակերպվել ժամանակակից հորիզոնական փոխադարձ կապերի՝ հետխորհրդային համատեքստին ներդաշնակ:
«Հայաստանը նաեւ, որպես արեւմտյան քաղաքակրթության հնագույն ակունք, պետք է կարողանա վերադառնալ իր ժողովրդավարական էությանը եւ հոգեւոր արժեքներին, որպեսզի վերջիվերջո Եվրամիության լիիրավ անդամ դառնա», - ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայաստանն իր անվտանգությունը պետք է ապահովի ինչպես Արեւելքի, այնպես էլ Արեւմուտքի շնորհիվ՝ բոլոր գործընկերների հետ երկկողմ փոխհարաբերությունների համակարգ կառուցելով, առանց այս կամ այն կազմակերպությանը պաշտոնական պարտադիր անդամակցության:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























