«Բացարձակապես անհեռանկար զբաղմունք է հայ-թուրքական սահմանի բացմամբ զբաղվելը, թեեւ բավականին ուժ ու էներգիա է ուղղվել, որպեսզի այդ հարաբերությունները վերականգնվեն»,- 1news.az-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Վրաստանի ընդդիմության առաջնորդ, Հակամարտությունների կարգավորման հարցերով նախկին պետնախարար Գեորգի Խայնդրավան:

«Ինձ համար շատ դժվար է պատկերացնել, որ հայկական Սփյուռքը, որը շատ ազդեցիկ է ամբողջ աշխարհում, երբեւէ կհամաձայնի 1915 թվականի ցեղասպանության հարցը օրակարգից հանելուն: Ուստի այդ հարցում ես որեւէ դրական սպասումներ չունեմ»,- ասել է Խայնդրավան ու հավելել. «Բնական է, որ որոշակի առումով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխհարաբերությունները կկայունանան, բայց որեւէ բեկում այդ հարաբերություններում, անկեղծ ասած, ես չեմ սպասում»:

Հարցին, թե հնարավո՞ր է պատերազմ սկսվի Ղարաբաղում, նա պատասխանել է. «Աստված չանի: Ես կարծում եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ պատերազմի վերսկսում Կովկասի որեւէ հատվածում, որովհետեւ դա կվտանգի ողջ տարածաշրջանը: Ես անգամ չեմ ուզում մտածել այդ մասին, չնայած դա բացառված չէ, որովհետեւ աշխարհում միշտ էլ կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված են դրանում»: