Հայաստանում էապես բարելավվել են ընտրողների ցուցակները: Այս մասին հայտարարել է «Քաունթփարենթ ինթերնեշնըլ»-ի հայկական ներկայացուցչության տնօրեն Քարել Հոֆսթրան՝ հանդես գալով դատախազների եւ փաստաբանների համար եռօրյա սեմինարի բացման ժամանակ:
Սեմինարն անցկացնում է ԵԱՀԿ-ն՝ ԱՄՆ դեսպանատան մասնակցությամբ եւ ԵՄ ֆինանսական աջակցությամբ՝ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում:
Վկայակոչելով աշխատանքի նախկին փորձը ԵԱՀԿ երեւանյան պատվիրակության կազմում, Քարել Հոֆսթրան նշել է, որ Հայաստանի ոստիկանության կատարած աշխատանքն ավելի թափանցիկ ու բաց է դարձել: Մյուս կարեւոր քայլն, ըստ նրա, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն է ընտրական գործընթացներին: Այդ համատեքստում նա ընդգծել է ընտրախախտումների հետաքննության հարցում իրավապահ մարմինների քայլերի արդյունքների մասին հասարակությանը տեղեկացնելու կարեւորությունը:
«Եղել են հաջողություններ, եղել են նաեւ բացթողումներ: Հաճախ բարդ է ապացուցել խախտման փաստը, սակայն ցանկացած դեպքում, հասարակությունը պետք է տեղյակ լինի՝ ինչու է կարճվել այս կամ այն գործը»,-ասել է Քարել Հոֆսթրան:
Իր հերթին, ԵԱՀԿ երեւանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հանլոնը հիշեցրել է, որ այս սեմինարն անցկացվում է ԵՄ ֆինանսավորմամբ եւ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում աջակցության ԵԱՀԿ ծրագրով: Այդ ծրագիրը ներառում է ինչպես անցած խորհրդարանական, այնպես էլ սպասվող նախագահական ընտրությունները:





























