Պաշտոնական Անկարան պատրաստ է հանդես գալ իբրեւ միջնորդ իսրայելա-սիրիական խաղաղ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման ժամանակ։ Էրդողանը մեկօրյա այցով ժամանել էր Դամասկոս։ Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը, Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ հարկ է պատրաստ լինել բանակցությունների վերսկսմանը։ Նա նաեւ ընդգծել է, որ Անկարան իր պարտքն է համարում ձեռնարկել ամեն ինչ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու համար։ «Մեզ դիմում են խնդրանքով՝ վերսկսել բանակցությունները, եւ մենք պետք է գործունեություն ծավալենք այդ ուղղությամբ»,-հայտարարել է Էրդողանը՝ չմատնանշելով, թե հատկապես ո՞՚ր երկիրն է դիմել Ակարային աջակցությանը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետի այցը Սիրիա օրակարգով նախատեսված չէր։ Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն։ Թուրքիայի լրատվամիջոցները նշում են, որ Էրդողանի այցը կապված է օրերս Դամասկոս ժամանած ամերիկյան բարձրաստիճան դիվանագետներ Ֆրեդ Հոֆի եւ Ջորջ Միտչելի այցով։
NEWS.am -ը նշում է, որ Թուրքիայի նախագահի այցը կարող է կապված լինել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Հիշեցնենք, որ վերջերս Բաշար Ասադը այց էր կատարել Հայաստան ու քիչ անց՝ Ադրբեջան։ Հայաստանում գտնվելիս՝ նա հրաժարվել էր այցելել Հայոց ցեղասպանության հուշակոթող, ինչպես նաեւ շատ զգուշավոր էր ցեղասպանության ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում։ Երեւույթ, որը ակնհայտորեն ցուցադրեց Սիրիայի ակամա կախվածությունը Թուրքիայից՝ չնայած հայ-սիրիական ավանդական լավ հարաբերություններին։




























