Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հայտարարության հետ կապված հարցը փակված է, քանի որ տրվել են պարզաբանումներ շրջանառվող ոչ հավաստի տեղեկատվության առթիվ: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, Երեւանում կայացած ասուլիսում նշել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ հավելելով, որ Փանջիկիձեի խոսքը խեղաթյուրվել է:

Իվանիշվիլիի խոսքով՝ Վրաստանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: «Երկու կողմերն էլ պետք է գործադրեն բոլոր ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար: Ես հանդիպել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ փոխանցել ղարաբաղյան հարցի վերաբերյալ նրա կարծիքը Հայաստանի վարչապետին»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում պաշտոնական Թբիլիսիի հավասարակշռված դիրքորոշման համար:

«Ես շնորհակալ եմ վրացական կողմին, որ նա շատ արագ արձագանքում է, երբ լրատվամիջոցներում հայտնվում են պաշտոնատար անձանց խեղաթյուրված արտահայտությունները ղարաբաղյան հարցի հետ կապված: Պաշտոնական Թբիլիսին շատ արագ արձագանքում է եւ պարզաբանում իրավիճակը»,-ընդգծել է Սարգսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am