Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն պատրաստ է իր կողմնակիցներին փողոց հանել եւ նոր «Մայդան» սարքել, եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրակեղծիքներ արձանագրվեն: Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար պայքարում են Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ ընդդիմադիր թեկնածու, Տարածաշրջանների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչը, տեղի է ունենալու այս կիրակի` փետրվարի 7-ին:

«Մենք ոտքի կհանենք մարդկանց»,- ասուլիսում հայտարարել է Տիմոշենկոն, սակայն չի հստակեցրել, թե որքան պետք է լինի թեկնածուների ստացած ձայների տարբերությունը, որպեսզի նրանք երկուսն էլ ընդունեն ընտրությունների արդյունքները:
Իսկ նրա մրցակից Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Տիմոշենկոյի սպառնալիքները «նրա թուլության նշան են եւ ցույց են տալիս, թե նա հասկանում է, որ պարտվում է»:

Յանուկովիչը վստահություն է հայտնել, որ մարդիկ դուրս չեն գա փողոց: «Եթե դուրս գան փողոց, ապա դրանք կլինեն միայն առանձին մարդիկ, ովքեր սիրում են այն ուտելիքը, որը սիրում է ուտել Տիմոշենկոն` այսինքն կեղտ, սուտ եւ զրպարտություն: Նորմալ մարդիկ „մայդան“ չեն գնա»,- ասել է նա: