«Նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի հռչակավոր չորս բանաձեւերում մատնանշվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնայինը ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀՇ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի քարտուղար Պան Կի Մունի՝ ադրբեջանական «Trend News»-ին տված հարցազրույցը, որում վերջինս նշել էր, թե ՄԱԿ-ն ուղղակիորեն ներքաշված չէ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, եւ այդ խնդրում առաջատար դերը պատկանում է բացառապես ԵԱՀԿ-ին։

Հովհ. Իգիթյանի կարծիքով, ՄԱԿ-ը չի ուզում ներքաշվել մի խնդրի լուծման մեջ, որի իրավասությունը դուրս է իրենից եւ պատկանում է մեկ այլ կառույցի։ «Իսկ Հայաստանի իշխանություններն այնքան տարված են ներքաղաքական խնդիրներով, որ պատշաճ հակաքարոզչություն չեն իրականացնում Ադրբեջանի՝ վերոնշյալ չորս բանաձեւերի սխալ մեկնաբանությունների դեմ»,- ամփոփեց նա։