ԱՄՆ-ի Կոնգրեսի հայամետ պատգամավորներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը , նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի համահեղինակներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը նամակ են հղել Բարաք Օբամայի վարչակազմին` հորդորելով տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ցեղասպանության ճանաչումից:
Նամակում կոնգրեսականներն իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայի որդեգրած քաղաքականության վերաբերյալ, որը համաձայնեց ստորագրել ճանապարհային քարտեզը, սակայն հանձն չառավ հետեւել դրան։ Կոնգրեսմենները սկսել են կասկածել, թե ինչու՞ Թուրքիան նման քայլի գնաց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին:
«Ըստ այդմ, հորդորում ենք Ձեր վարչակազմին տարանջատել հարաբերությունների բարելավման եւ ցեղասպանության ճանաչման հարցերը միմյանցից։ Մենք կշարունակենք աջակցությունը նախընտրական արշավի ժամանակ ձեր կողմից հայտարարված քաղաքականությանը` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ։ Հուսանք, որ Ձեր վարչակազմի կողմից ձեռնարկվելիք նոր ջանքերն ու նպատակին ուղղված միջոցները կխթանեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»: