Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 4-ին կայացել է խորհրդակցություն` նվիրված կրթական համակարգում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես, ավագ դպրոցի համակարգի կիրառման հիմնախնդիրներին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
Իր խոսքում նախագահը կարեւորել է հանրապետությունում ավագ դպրոցի համակարգի ներդրումը` այն համարելով ոլորտի առաջադիմության ապահովման հիմնական նախապայմաններից մեկը: Միաժամանակ, երկրի ղեկավարը նշել է, որ պետք է մշտապես կատարելագործել այդ համակարգը` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով բացատրական աշխատանքների արդյունավետ իրականացումը: Բակո Սահակյանն ընդգծել է այդ գործում զանգվածային լրատվության միջոցներին ակտիվորեն ներգրավելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:




























