Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին այցելել է ԼՂՀ Գերագույն դատարան, որտեղ մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը եւ շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե իր խոսքում նախագահը նշել է, որ դատական իշխանությունը հանդիսանում է ժողովրդավարական համակարգի եւ քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից մեկը, առանց որի անհնարին է պատկերացնել ժամանակակից քաղաքակիրթ պետությունը: Ըստ Բակո Սահակյանի` պետության հանդեպ հասարակության վստահությունը, երկրում արդարության եւ օրենքի առջեւ հավասարության ապահովումը մեծապես պայմանավորված է նաեւ դատական համակարգի արդյունավետ գործունեությամբ:
Երկրի ղեկավարն ընդծել է, որ արդարադատության իրականացման համար մեր երկրում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուցիոնալ պայմանները` միաժամանակ հավելելով, որ այն պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ անելիքներ դեռեւս շատ կան: Այս համատեքստում Բակո Սահակյանը հատկապես կարեւորել է կադրերի արհեստավարժության բարձրացումը, նրանց պատրաստման, վերապատրաստման եւ հուսալի ռեզերվի ձեւավորման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ համակարգում բարոյահոգեբանական մթնոլորտի շարունակական բարելավումը:
Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորներիի երդման արարողությունը:





























