ՀՀԿ-ում դեռեւս չեն քննարկել իրենց  թեկնածուի եւ նրան սատարողների կողմից մամլո ասուլիսների, տարբեր ձեւաչափերի քննարկումների եւ բանավեճերի մասնակցելու հարցերը: Այս մասին NEWS.am-ին տված պարզաբանման մեջ նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին:

«Հունվարի 21-ից մենք սկսում ենք մեր քարոզարշավը: Նախագահի մեր թեկնածուն եւ նրան սատարողները լինելու են բոլոր մարզերում եւ Հայաստանի քաղաքացիներին են հասցնելու «Դեպի ապահով Հայաստան» ծրագրի հիմնական գաղափարախոսությունը: Շատ հագեցած օրակարգ է նախատեսված բոլորիս համար: Դեռեւս չենք քննարկել մեր թեկնածուի եւ նրան սատարողների կողմից մամլո ասուլիսների, տարբեր ձեւաչափերի քննարկումների եւ բանավեճերի մասնակցելու հարցերը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, ըստ անհրաժեշտության որոշումներ կկայացվեն արդեն ընտրարշավի ընթացքում՝ կախված ընտրողին իրենց մոտեցումները եւ այլոց թեզերի համեմատ դրանց տարբերությունները հասցնելու անհրաժեշտությունից:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրապարակված 15 կետերին, Շարմազանովն  ասաց, որ այդ առթիվ իրենք 2 անգամ պաշտոնական պատասխան են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, բազմաթիվ անգամ էլ առանձին ոլորտային պատասխանատուներ հրապարակավ խոսել են առաջ քաշված կետերի անհիմն լինելու կամ դրանցում առկա աղավաղված ու սուբյեկտիվ մեկնաբանությունների մասին:

«Մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան պոզիտիվ միտում եւ բացառեն առանձին երեւույթների սուբյեկտիվ ընկալումները, որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական եւ իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում»,- նշեց ՀՀԿ մամլո խոսնակը: Նրա փոխանցմամբ, իրեն զարմացնում է այն փաստը, որ ժամանակը առաջ է գնում, ընտրական գործընթացներում, իրենք  անընդհատ զարգացմանը միտված փոփոխություններ են կատարում եւ դրական արդյունքներ են արձանագրում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է թափահարել նույն հին փաստաթուղթը, որը հետեւողականորեն չի վերանայվում անգամ ընթացող գործընթացների ֆոնի ներքո:

Անդրադառնալով կազմակերպչական հանդիպումների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա թիմին ոստիկանների ու ԱԱԾ ներկայացուցիչների կողմից ուղեկցելու մասին հայտարարությանը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Այստեղ, կներեք, բայց ստիպված եմ արձանագրել, որ հարգարժան քաղաքական գործիչը, կարծես դետեկտիվ ֆիլմերի տրամադրության տակ է մնացել. արտահայտած միտքը կատարյալ նոնսենս է եւ արժանի չէ մեկնաբանման»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հեռուստատեսությամբ հրավիրել էր բանավեճի, հարմար պահի, հարմար վայրում:

Բացի այդ, նա Սերժ Սարգսյանին կոչ էր արել կյանքի կոչել իր կողմից ուղարկված 15 կետերը, որոնք կապահովեն հավասար մրցակցային պայմաններ: Դրանք առնչվում են հանրային ողջ հատվածի ապակուսակցականացմանը, հանրային բոլոր շենքերից պիտի հանվեն կուսակցական նշանները, «Ընտրական օրենսգիրքը» խախտող պետական պաշտոնյան պատասխան պետք է տա,  պետք է բացառվի  ցանկացած սպառնալիք: Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, որ մի շաբաթ առաջ կազմակերպչական հանդիպումներ է ունեցել տարբեր մարզերում եւ իրեն ուղեկցել են ոստիկանության, ազգային անվտանգության ներկայացուցիչներ: Նախագահի թեկնածուն շեշտել էր, որ փոխանակ արտաքին մարտահրավերներին պատասխան տան, անվտանգության մարմիններին գործուղում են սեփական քաղաքացիներին նկարահանելու եւ ահաբեկելու համար: