Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ Հայաստանի ուղին հակասում է Վրաստանի ազգային շահերին: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հունվարի 18-ին՝ մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրությանը, ըստ որի Իվանիշվիլին բարի նախանձով է նայում, թե ինչպես է Հայաստանը լավ հարաբերություններ պահպանում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ:
«Վրաց ժողովուրդը եւ Վրաստանն արդեն կատարել են իրենց ընտրությունը 2008-ի հանրաքվեի ժամանակ եւ հայտնել իրենց կարծիքը Վրաստանի առաջնահերթությունների եւ ապագայի վերաբերյալ: Վրաստանի պետական շահերից է բխում ՆԱՏՕ-ին եւ Եվրոպական կառույցներին անդամակցումը: Դա Վրաստանի փրկության, անվտանգության ապահովման եւ անկախության միակ ուղին է: Թեեւ Հայաստանը մեզ բարեկամ երկիր է եւ ես հարգում եմ նրա արտաքին քաղաքական կուրսն ու ընտրությունը, սակայն հայկական ուղին, նրա վերաբերմունքը Ռուսաստանին եւ ՆԱՏՕ-ին անընդունել են մեզ համար եւ հակասում են Վրաստանի պետական շահերին»,-հայտարարել է Մերաբիշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազորւցյում ասել էր հետեւյալը. «Հարց է ծագում՝ կարելի՞ է համատեղել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների վերականգնումը, միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ, ձգտել այդ կառույցին, ունենալ լավ հարաբերություններ Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ: Ես կարծում եմ, որ վրացիների համար լավ օրինակ է Հայաստանը, որը հրաշալի հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ եւ բարեկամական հարաբերություններ է պահպանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ: Համապատասխանաբար, այդ ամենը հնարավոր է եւ ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք, եւ ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այդ ամենը համատեղել»:





























