Հայաստանի իշխանությունները պատրաստ են օպերատիվ կարգով ճշգրտել ընտրացուցակները փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Այս մասին NEWS.am-ի թղթակին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ առաքելության հայտարարությունը:

«Հայաստանի օրենսդրությունը պատշաճ կերպով կարգավորում է արտերկրում գտնվող  ՀՀ քաղաքացիների քվեարկության հարցերը: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում կարող են քվեարկել դիվանագետներն ու դեսպանությունենրի աշխատակիցները, ինչպես նաեւ բոլոր այն անձինք, ովքեր օրինական կերպով են գտնվում արտերկրում: Դրանում հստակություն է մտցվել` հաշվի առնելով  ըննդիմության այն հայտարարությունները, թե Հայաստանից բացակայող քաղաքացիների թվի հետ կապված ընտրությունների արդյունքները կեղծվում են»,-նշեց Հովհ. Սահակյանը: «Ուստի մենք ձգտում ենք թափանցիկություն ունենալ այդ հարցում»,-ավելացրեց նա:

Նա հիշեցրեց, որ ընտրացուցակները տեղադրված են Հայաստանի ոստիկանության կայքում, եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ դրանց հետ եւ հայտնել անճշտություների մասին, որոնք օպերատիվ կերպով վերացվում են: «Դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք ընդառաջ գնալ, վերահսկել եւ իրականացնել ընտրությունների նորմալ տեխնիկական նախապատրաատություն»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելության` վերջերս հրապարակված հայտարարության մեջ մտահոգություն էր հայտնվում ընտրացուցակներում անճշտությունների հետ կապված: