Ուկրաինայի նախագահի թեկնածուներն ունեն մեկ օր՝ ընտրողներին իրենց ճշմարտացիության մեջ համոզելու համար: Յուլիա Տիմոշենկոն եւ Վիկտոր Յանուկովիչը մեղադրում են իրար քվեարկության արդյունքների կեղծման մեջ: Ընդ որում, վարչապետը, չսպասելով ձայների հաշվարկին, արդեն իր կողմնակիցներին Կիեւի մայդան է կանչում:
Նա հետընտրական պատերազմ է հայտարարել իր բոլոր մրցակիցներին՝ սկսած նախագահ Յուշչենկոյից, վերջացրած նախագահի թեկնածու Յանուկովիչով: Պատճառը նախագահի ստորագրած ընտրական օրենսգրքի փոփոխություններն են: Նոր խմբագրմամբ՝ ընտրական հանձնաժողովները հնարավորություն են ստացել նիստեր անցկացնել առանց քվորումի: Յուլիա Տիմոշենկոն դա անվանում է կեղծիքների նախապատրաստում:
Վիկտոր Յանուկովիչն էլ չի հավատում մարդկանց մայդան հանելու Տիմոշեկոյի հնարավորությանը: Իսկ փոփոխությունները նրա կուսակցությունում փաստարկում են ընտրական օրենսդրությունում բացերը լրացնելու ցանկությամբ: Հին խմբագրմամբ քվորումն ապահովվում էր ձայների երկու երրորդով, իսկ Տիմոշենկոյի կողմնակիցները, որ կազմում են հանձնաժողովների կեսը, կարող էին կաթվածահար անել ձայների հաշվարկը՝ հրաժարվելով մասնակցել դրան:
Յանուկովիչի կողմնակիցները եւս պատրաստվում են փողոցային ակցիաներին:
Ով էլ որ հաղթի առաջիկա ընտրություններում, ակնհայտ է, որ երկու կողմն էլ մարդկանց փողոց է հանելու:
Քաղաքական հակառակորդներն իրենց կողմնակիցներին պատրաստում են մերձակա հրապարակներում: Տարածաշրջանների կուսակցությունը՝ հինգաստղանի հյուրանոցում տեղակայված իր շտաբի մոտ, Տիմոշենկոն՝ նույնպես իր շտաբի մոտ, ոչ պակաս շքեղ հյուրանոցում:




























