ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը Google ընկերությանը կօգնի պայքարել կիբերհարձակումների դեմ: Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները: Համապատասխան պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում: Ներկայումս կողմերը քննարկում են նոր համաձայնագրի մանրամասները:

Հաղորդվում , որ պայմանագրի ստորագրումից հետո կողմերը կարող են փոխանակվել կարեւոր տեղեկություններով, ինչը կօգնի կանխել նոր կիբերհարձակումները: Ընդ որում ԱԱԳ-ն չի խառնվելու Google-ի գաղտնիության քաղաքականությանը: Մասնավորապես թերթի աղբյուրները նշում են, որ ԱԱԳ-ն չի հետեւելու Google-ի օգտագործողների հարցումները կամ նայելու նրանց էլեկտրոնային փոստերը: Google-ի եւ ԱԱԳ-ի ներկայացուցիչները տեղեկությունները դեռ չեն մեկնաբանում:

Փորձագետները Google-ի որոշումը՝ դիմել ԱԱԳ-ին, կապում են վերջին կիբերհարձակման հետ, որը ուղղորդվել է ՉԺՀ-ից: Այն տեղի էր ունեցել 2009թ. դեկտեմբերին, սակայն ընկերության ներկայացուցիչներն այդ մասին հայտնեցին հունվարի 12-ին: Ընդ որում, նշվում էր, որ այդ կիբերհարձակման ժամանակ գողացվել է Google-ի ինչ-որ մտավոր սեփականություն:

Դրանից հետո ընկերության ղեկավարները հայտարարեցին, որ մտադիր են հրաժարվել է ՉԺՀ իշխանությունների մտցրած հարցումների գրաքննությունից: Ընկերության ներկայացուցիչները նշել են նաեւ, որ հիմնական կայքում մնալու է չինարենով փնտրելու հնարավորությունը, անգամ եթե ՉԺՀ իշխանությունները փակեն կայքը Չինաստանում:

Աղբյուրները հայտնում են, որ Google-ն ու ԱԱԳ-ն մտադիր են հետաքննել դեկտեմբերյան հարձակման մանրամասները: