«Ազատ ուսանողների ֆորում» կազմակերպությունը հայտարարություն է տարածել Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում տիրող բարքերի մասին:
Հայտարարության մեջ ասվում է. «Վերջին վեց ամսվա ընթացքում, ԵՊԼՀ-ում նոր ռեկտորի նշանակումից հետո, շատ հետաքրքրաշարժ իրադարձություններ են տեղի ունենում բուհում: Նորանշանակ ռեկտորի գլխավորությամբ ԵՊԼՀ-ն վերածվել է մի վայրի, որտեղ դասապրոցեսից ավելի հետաքրքիր է դարձել նորանշանակ ռեկտորի «ինքնալեգիտիմացման» պրոցեսը: Այս տիկինը անում է ամեն ինչ, որպեսզի ինքն իրեն համոզի, ապացուցի, որ ինքը իրոք հադիսանում է բուհ իրական եւ արժանի ղեկավարը, սակայն, ցավոք սրտի, իր գործողություններով նա ավելի շատ ապացուցում է իր եւ պահակապետի ու դերասանական տաղանդով օժտված անձնավորության կերպարների համապատասխանելիությունը:
Անցած 6 ամիսների ընթացքում ԵՊԼՀ նշանակված ռեկտորը օբյեկտիվորեն նկատել է իր եւ բուհի ուսանողների միջեւ առաջացած անշրջելի անջրպետը եւ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի շահի ուսանողների սերը, սակայն ինչպես ասում են` ամեն ինչ չէ որ գնելով կամ ստիպելով է լինում: Ուսանողության մեծ մասի ընկալմամբ նշանակված ռեկտորը շարքային դասախոսի համբավ է վայելում եւ դա շարունակելու է մնալ այդպիսին, քանի դեռ նա իրեն շրջապատել է այնպիսի մարդկանցով, որոնք արժանացել են Բրյուսովի ուսանողների մեծամասնության արհամարանքին, շարունակելու է մնալ այդպիսին, քանի դեռ շահամոլությունը եւ կուսակցահպատակությունը գերակշռող են իր գործելաոճում, շարունակելու է այդպիսին մնալ, քանի դեռ նա չի դադարել բուհի ղեկավարի պաշտոնը չտարանջատել պահակի պարտականություններից, շարունակելու է մնալ այդպիսին, քանի դեռ մասնագիտական պարտականությունների փոխարեն փորձ է արվում ձեւականությամբ ինքնահաստատվել եւ տարբեր միջոցներով «ապացուցել», որ ռեկտորը, նույն ինքը` Գայանե Գասպարյանն է:
Անցած ամիսների ընթացքում «ԱՈւՖ» Բրյուսովի ակումբը, հաշվի առնելով ռեկտորի նոր նշանակումը եւ ներսում ստեղծված անկառավարելի իրավիճակը, զերծ է մնացել իրավիճակի հրապարակայնացումից, հույս ունենալով, որ բուհ ղեկավարությունը վերջիվերջո կհասկանա իր լիազորությունների կատարման կարեւորությունը եւ իր անհաջողությունների մեջ չի մեղադրի իրենց իրավունքների համար պայքարող ուսանողներին, սակայն, հաշվի առնելով, որ մեր ակնկալիքները ոչ միայն չարդարացվեցին, այլ տեղի ունեցավ հակառակը, եւ ուսանող-բուհ հարաբերությունների միջեւ անդունդը ավելի ու ավելի խորացավ, մեզ` Բրյուսովի ուսանողներիս, այլ բան չի մնում անել, քան եկող կիսամյակից տեր կանգնել մեր իրավունքներին եւ ստիպել բուհի ղեկավարությանը գործել ոչ թե հանուն կուսակցական եւ անձնական շահերի, այլ հանուն բուհի ուսանողների ընդհանրական շահերի եւ բարորության»:



























